Ըստ մամուլում եղած հրապարակումների՝ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։ Նստաշրջանի եզրափակիչ փաստաթուղթը, Ադրբեջանի նախաձեռնած հինգ բանաձևերի հետ մեկտեղ, «Ստամբուլի հռչակագիրն» է և
«Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձևը:
Կոչ է արվում «հայկական կողմին վերացնել խաղաղության պայմանագրի կնքման քաղաքական և իրավական խոչընդոտները», ինչպես նաև վերահաստատում է ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձի իրավունքը և դատապարտում ՀՀ-ի հրաժարումը այդ հարցում երկխոսություն սկսելուց։ Հայաստանը որակվում է որպես ագրեսոր և մշակութային հուշարձաններ ոչնչացնող, դատապարտվում է Խոջալուի «ցեղասպանությունը», ՀՀ-ին ուղղված կոչեր ու քննադատություններ և այլն:
Կասկած չկա, որ այս բանաձևերի ընդունումը թուրք-ադրբեջանական համատեղ նախաձեռնությունների արդյունք է, այսպիսի բանաձևեր Իսլամական համագործակցության կազմակերպությունը երբեք չի ընդունել: Ադրբեջանցիների վերադարձը և «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի օգտագործումը այլևս կասկած չի հարուցում, որ կա Հայաստան պետության գոյության սպառնալիք: Արևմտամետ «ժողովրդավարական, ինքնիշխան, անկախասեր» և հակառուս ուժերը ՀՀ-ում ստանում են իրենց աշխատանքի պտուղները:
Գարիկ Քեռյան